 |
ընկերություն |
 |
|
 |
ընտրանի |
 |
|
 |
որոնում |
 |
|
|
 |
Վերջին նորություններ |
 |
Հայկական տառատեսակների ստեղծագործական մրցույթ - 12/10/2005 «Զանգակ-97» հրատարակչությունը եւ ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում են հայկական տառատեսակների ստեղծագործական մրցույթ, որը տեղի կունենա «Զանգակ-97» հրատարակչության «Տաթեւ» սրահում 2005 թ. դեկտեմբերի 1-ին: Մրցույթի անվանակարգերը երեքն են. տպագրական 1-4-րդ, 5-8-րդ եւ 8-ից բարձր դասարանների համար: Մրցույթի արդյունքում բարձր գնահատականներ վաստակած տառատեսակների հեղինակները կպարգեւատրվեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դիպլոմով, եւ նրանց «Զանգակ-97» հրատարակչությունը կառաջարկի կնքել հոնորարների վճարման եւ հեղինակային իրավունքների ձեռքբերման պայմանագիր: Ժյուրիի կազմում կլինեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, առողջապահության նախարարության, նկարիչների միության, դիզայներների միության, գրողների միության, հրատարակչությունների եւ այլ շահագրգիռ հաստատությունների ներկայացուցիչներ:
Մասնակցության հայտի, մրցույթի կանոնակարգի եւ այլ տեղեկությունների համար կարող եք այցելել կամ զանգահարել «Զանգակ-97» հրատարակչություն:
Երեւան, Կոմիտասի պող. 49/2
Էլ. փոստ՝ pubrel@zangak.am
Հեռ.՝ (+37410) 23-25-28, 23-25-95
|
ՀՀ բուհերում դասագրքերի եւ այլ գիտաուսումնական նյութերի պահանջարկի մոնիտորինգ - 06/08/2005 «Աջակցություն բուհական կրթության ոլորտի բարեփոխումներին» համազգային ծրագրի շրջանակներում «Տաթեւ գիտակրթական համալիրը» եւ «Զանգակ-97» հրատարակչությունը նախաձեռնել են բուհական դասագրքերի դաշտի համակարգման համաբուհական ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակներն են բուհերում օգտագործվող դասագրքերի դաշտի հետազոտությունը, դրանց մասին տվյալների բազայի ստեղծումը, ՀՀ բուհերում դասագրքային պահանջարկի ուսումնասիրությունն ու դասագրքերի ստեղծման գործում ՀՀ բուհերի ամբիոններին աջակցությունը:
Այն, որ ժամանակակից գիտական ստեղծագործությունն առաջին հերթին կոլեկտիվ ստեղծագործություն է, առավել ակնհայտ ճշմարտություն է դառնում ապագա գիտնական կրթելու հավակնություններ ունեցող ուսումնական ձեռնարկների ստեղծման գործընթացի նկատմամբ կոնկրետացվելով: Դասագրքերի ստեղծումը հիրավի գիտական ստեղծագործության այն տեսակներից է, որոնք առավել արդյունավետ են, երբ իրականացվում են գիտական կոլեկտիվների ուժերով: Այդպիսի կոլեկտիվների կազմակերպման ու աշխատանքային պայմաններով ապահովման հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի կրթական համակարգը հետխորհրդային ժամանակաշրջանում էական առաջընթաց չի արձանագրել: Որակյալ դասագրքերի բացը հայաստանյան շուկայում առավել հաճախ լրացվում է այլալեզու (հիմնականում ռուսերեն եւ անգլերեն) դասագրքերով ու «անհատ մտածողների» ջանքերով ստեղծված գրքերով, որոնք թե՛ ստեղծվում են, թե՛ իրացվում ու օգտագործվում միայն մեկ բուհի շրջանակներում: Հանրապետության մնացած բուհերը ոչ միայն չեն մասնակցում, այլեւ հաճախ տեղյակ չեն լինում, թե ինչ դասագրքեր են ստեղծվում եւ օգտագործվում այլ բուհերում: Այս բնագավառում միջբուհական համագործակցության գրեթե բացակայության հետեւանքով էականորեն բարդանում է նույն մասնագիտությունը տարբեր բուհերում ստացած մասնագետների միջեւ մասնագիտական փոխըմբռնումը, ինչն իր հերթին ցածրացնում է մասնագիտական գործունեության արդյունավետությունը: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ռեալ գործառնող դասագրքերի մասին տվյալների բազայի ստեղծման, այդ բազայի հիմքի վրա բուհերի ամբիոնների հետ համագործակցաբար դասագրքային դաշտում բացերի հայտնաբերման եւ դրանք վերացնելու արդյունավետ մեխանիզմների մշակման այսօր ծագած կենսական անհրաժեշտությունը պայմանավորված է դասագրքերի դաշտում վերը նկարագրված իրավիճակով, երբ այստեղ տիրապետում են տարերային ու պատահական, ոչ թե պլանավորված ու կանխատեսելի գործընթացները:
Ելնելով դրանից` «Տաթեւ գիտակրթական համալիրը» եւ «Զանգակ-97» հրատարակչությունը ստեղծել են բուհական դասագրքերի դաշտը համակարգող կենտրոն:
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն ու մեթոդները.
- Բուհերում օգտագործվող դասագրքերի եւ այլ գիտաուսումնական նյութերի տվյալների բազայի ստեղծում:
- Բուհական դասագրքերի եւ այլ գիտաուսումնական նյութերի տեղեկագրքի պարբերական հրատարակում:
- Դասագրքային եւ այլ գիտաուսումնական նյութերի դաշտում բացերի հայտնաբերում եւ գնահատում:
- Բարձրագույն կրթության ոլորտում առկա դասագրքային բացերը լրացնելու նպատակով հանրապետության բոլոր բուհերի հետ համագործակցաբար հեղինակային կոլեկտիվների եւ խմբագրական խորհուրդների ստեղծում: Այնպիսի դեպքերում, երբ անհրաժեշտ դասագիրքն այլ լեզվով, ըստ համապատասխան գիտական բնագավառը ներկայացնող ամբիոնների վարիչների հետ անցկացված հարցազրույցների արդյունքներից արված եզրակացության, արդեն կա, խմբագրական խորհուրդներ կստեղծվեն այդպիսի դասագրքերի թարգմանության եւ հայկական բուհական իրականության պահանջներին հարմարեցնելու առարկայով:
- Հայաստանի պետական ու կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված բուհերի ռեկտորատների աջակցությամբ բոլոր ամբիոնների վարիչների հետ նախնական հարցազրույցների անցկացում:
- Ամբիոնների ուսումնական ծրագրերի եւ քննական հարցացուցակների գրականության ցանկերի ուսումնասիրություն:
- Ամբիոններում ստեղծման գործընթացում գտնվող դասագրքերի մասին ինֆորմացիայի հավաքագրում: Ամբիոնների վարիչների հետ հարցազրույցների անցկացում՝ բացահայտելու համար այն բարդությունները, որոնց առավել հաճախ են բախվում ամբիոնները դասագրքերի ստեղծման գործում:
- Բարձրագույն կրթության ոլորտի դասագրքային դաշտը համակարգելու նպատակով «Տաթեւ գիտակրթական համալիրում» գործող կենտրոնի մասին ամբիոններին մանրամասն տեղեկացում եւ համագործակցության պատրաստ գիտնականների կոնտակտային տվյալների հավաքագրում:
- Հավաքագրված տվյալների հիմքով բուհական դասագրքերի եւ գիտաուսումնական այլ նյութերի տեղեկագրքի ստեղծում, որտեղ կներառվեն բոլոր այն դասագրքերը եւ ուսումնական նյութերը, որոնք, ըստ ամբիոններում դասավանդվող առարկաների ծրագրերի, հանձնարարվում են ուսանողներին, երաշխավորվում որպես կայացած դասագրքեր, ներկայացվում քննությունների եւ ստուգարքների հարցացուցակների գրականության ցանկերում: Տեղեկագիրքը կտրամադրվի պետական եւ հավատարմարված բուհերի բոլոր ֆակուլտետներին:
- Բուհական դասագրքերի դաշտը համակարգող կենտրոնի միջոցով ՀՀ բուհերում դասագրքային պահանջարկի մոնիտորինգի ինստիտուցիոնալիզացիա:
- Մոնիտորինգի արդյունքում ստացված տեղեկություններն ընդհանրացնելով եւ բացահայտելով տվյալ բնագավառում կոնկրետ դասագրքի ստեղծման անհրաժեշտությունը, կամ որեւէ ամբիոնից տեղեկանալով դասագիրք ստեղծելու նախաձեռնության մասին` բուհական դասագրքերի դաշտը համակարգող կենտրոնը կապ է հաստատում «Տաթեւ գիտակրթական համալիրի» հետ հուշագիր կնքած բոլոր բուհերի համապատասխան մասնագիտությունը ներկայացնող ամբիոնների հետ: Այդ ամբիոնների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվում է խմբագրական խորհուրդ: Դասագրքի գլուխները ստեղծում են տարբեր բուհերի համապատասխան գիտակարգերը ներկայացնող ամբիոնների մասնագետները, որոնք ընտրվում են ըստ այդ ամբիոններում մշակվող թեմաների: Դասագիրքը մինչ կենտրոնի կողմից հրատարակվելը քննարկվում, հաստատվում եւ հրատարակության է երաշխավորվում գրքի ստեղծմանը մասնակցած բոլոր ամբիոններում:
Դասագրքերի դաշտը համակարգող կենտրոնի ծրագրային գործունեությունը համապատասխան բուհերում սկսելու «Զանգակ-97» հրատարակչության հայցին արդեն համաձայնություն են տվել ԵՊՀ ռեկտոր ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, Հայ-ռուսական պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Զ. Սարգսյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ա. Ղուկասյանը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ս. Տ. Զոլյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր ակադեմիկոս Վ. Հակոբյանը, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ակադեմիկոս Յու. Սարգսյանը, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Ա. Թարվերդյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Ս. Սարաջյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Վ. Բ. Առաքելյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան պրոֆեսոր Ս. Սարգսյանը եւ այլ պետական եւ պետականորեն հավատարմագրված բուհերի ռեկտորներ:
Կենտրոնը պատրաստ է համագործակցել Հայաստանի պետական եւ պետականորեն հավատարմագրված բուհերի բոլոր ամբիոնների հետ:
|
Կամրջենք համայնքներն ու մեր ջանքերը - 30/09/2004 «Գիտության եւ կրթության աջակցության Տաթեւ կենտրոն» ՀԿ-ն եւ «Զանգակ 97» հրատարակչությունը, «Բաց հասարակության ինստիտուտի» հետ համատեղ Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են գրական եւ գիտահանրամատչելի ստեղստեղծագործությունների մրցույթը եւ մրցանակաբաշխությունը:
Մրցույթում ժանրային սահմանափակումներ չկան, մրցույթին կարող են ներկայացվել ինչպես արձակ, այնպես էլ չափածո ստեղծագործություններ:
Մարզերում բնակվող հեղինակները իրենց ստեղծագործությունները պետք է ներկայացնեն «Տաթեւ» գիտակրթական համալիրի մարզային մասնաճյուղեր եթե այդպիսիք կան տվյալ մարզում, իսկ դրանց գոյության բացակայության դեպքում՝ մարզային կրթության եւ մշակույթի վարչություններ: Երեւան քաղաքում բնակվող հեղինակները իրենց ստեղծագործությունները պետք է ներկայացնեն՝ «Տաթեւ» գիտակրթական համալիր՝ Կոմիտասի 49/2 հասցեով: Ստեղծագործությունները հարկավոր է ներկայացնել համակարգչային ֆայլի տեսքով եւ, բացի դրանից, նաեւ մեկ օրինակ տպագրված վիճակում: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել մինչեւ 3 ստեղծագործություն:
Ստեղծագործությունները ներկայացնելու վերջնաժամկետը 2004 թվականի նոյեմբերի մեկն է:
Մարզերում եւ Երեւան քաղաքում մրցանակների արժանացած երեսուներեք հեղինակները որպես խրախուսական մրցանակներ կստանան «Զանգակ 97» հրատարակչության կողմից լույս ընծայված լավագույն գրքերը (50-100 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ), իսկ 3 լավագույն ստեղծագործությունների հեղինակների համար սահմանված են նաեւ դրամական մրցանակներ:
Մրցանակների արժանացած երեսուներեք հեղինակների ստեղծագործություններից բացի կզետեղվեն նաեւ հեղինակների լուսանկարները եւ նրանց համառոտ կենսագրականները: «Զանգակ 97» հրատարակչությունը հետագայում կշարունակի համագործակցությունը խոստումնալից հեղինակների հետ:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով «Գիտության եւ կրթության աջակցության Տաթեւ կենտրոն» ՀԿ՝ 232528 — 232648 հեռախոսահամարներով:
|
Ստեղծագործական մրցույթ - 24/08/2004 «Տաթեւ գիտակրթական համալիրը» եւ «Զանգակ 97» հրատարակչությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարում են գրական եւ գիտահանրամատչելի ստեղծագործությունների մրցույթ եւ մրցանակաբաշխություն:
Ստեղծագործական մրցույթն անցկացվում է մեր իրականության մեջ գրական եւ հոգեւոր-մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունների եւ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացնում են «Զանգակ 97» հրատարակչությունը եւ «Տաթեւ գիտակրթական համալիրը»: Այդ ծրագրերի շրջանակներում մարզերի մշակութային կյանքի խթանման եւ աշխուժացման նպատակով, ի թիվս այլ միջոցառումների, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կկազմակերպվեն նաեւ ստեղծագործական հանդիպումներ եւ սեմինարներ մարզերում բնակվող ստեղծագործողների հետ: Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքի բարելավմանն ուղղված մեր ծրագրերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր ինտերնետային էջի «ծրագրեր» բաժնում:
Ստեղծագործական մրցույթում ժանրային սահմանափակումներ չկան, մրցույթին կարող են ներկայացվել ինչպես արձակ, այնպես էլ չափածո ստեղծագործություններ:
Մարզերում բնակվող հեղինակներն իրենց ստեղծագործությունները պետք է ներկայացնեն մարզային կրթության եւ մշակույթի վարչություններ, իսկ Երեւան քաղաքում՝ «Տաթեւ գիտակրթական համալիր»՝ Կոմիտասի 49/2 հասցեով: Ստեղծագործությունները հարկավոր է ներկայացնել համակարգչային ֆայլի տեսքով եւ, բացի դրանից, նաեւ մեկ օրինակ տպված վիճակում: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել մինչեւ 3 ստեղծագործություն:
Ստեղծագործությունների ներկայացման վերջնաժամկետը 2004 թվականի հոկտեմբերի մեկն է:
Մարզերում եւ Երեւան քաղաքում մրցութային հանձնաժողովի կողմից մրցանակների արժանացած երեսուներեք հեղինակները որպես խրախուսական մրցանակներ կստանան «Զանգակ 97» հրատարակչության կողմից լույս ընծայված լավագույն գրքերը (50-100 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ), իսկ 3 լավագույն ստեղծագործությունների հեղինակների համար սահմանված են նաեւ դրամական մրցանակներ:
Մրցանակների արժանացած երեսուներեք հեղինակների ստեղծագործությունները կհրատարակվեն ընտրանու տեսքով, որում ստեղծագործություններից բացի կզետեղվեն նաեւ հեղինակների լուսանկարները եւ նրանց համառոտ կենսագրականները: «Զանգակ 97» հրատարակչությունը հետագայում կշարունակի համագործակցությունը խոստումնալից հեղինակների հետ:
Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման ժամկետների եւ լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Զանգակ 97» հրատարակչություն՝
23 26 48 եւ 23 25 28 հեռախոսահամարներով:
|
|
|
|
|
| |
|
 |
ինֆորմացիա` |
 |
|
|