 |
ընկերություն |
 |
|
 |
ընտրանի |
 |
|
 |
որոնում |
 |
|
|
 |
Վերջին նորություններ |
 |
dasagirq.am կայքն ընդլայնվում է - 20/07/2010 §Դպրոցական դասագրքերին ներկայացվող հոգեբանամանկավարժական պահանջները¦ խորագրով գիտաժողովի սպասարկման համար ստեղծված http://dasagirq.am կայքի հիման վրա Տաթեւ գիտակրթական համալիրը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցաբար ստեղծում է ուսումնական գրականության հրապարակային քննարկման, համեմատական վերլուծության եւ գնահատման համացանցային համակարգ եւ էլեկտրոնային գրադարան: http://dasagirq.am կայքի այցելուների շրջանակն անշեղորեն ընդլայնվում է: Կայքով հիմնականում հետաքրքրվում են կրթության բնագավառի հետ առնչություններ ունեցող եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվող անձինք: Կայքում ներկայացված ուսումնական գրականության վերաբերյալ իր կարծիքը, գնահատականը եւ բարելավման համար անհրաժեշտ փոփոխությունների առաջարկները այժմ կարող է գրանցել յուրաքանչյուր այցելու: Առաջիկայում կայքում կներդրվի ըստ մասնագիտական որակավորման (մանկավարժ, հոգեբան եւ այլն) եւ կարգավիճակի (ուսուցիչ, աշակերտ, ծնող եւ այլն) այցելուների դասակարգման եւ նրանց կողմից գրքերի համալիր գնահատման էլեկտրոնային համակարգ: Այս համակարգի ներդրմամբ՝ կայքում տեղակայված ուսումնական գրականությունը կարելի է համարել շահագրգիռ հանրության բոլոր շերտերի դատին ներկայացված. արդյունքում այցելուների տարբեր խմբերի գնահատականների ընդհանրացման հիման վրա դասագրքերին եւ ուսումնական ձեռնարկներին կտրվեն վարկանիշային միավորներ: Կայքն ապահովելու է գնահատման համակարգի գործառնության լիակատար թափանցիկություն. բոլոր վարկանիշային միավորների ձեւավորմանը գործընթացը կկարողանա ստուգել եւ վերահսկել կայքի յուրաքանչյուր այցելու: Ստացված քանակական միանշանակ ցուցանիշների հիման վրա հնարավոր կլինի համեմատել տարբեր ուսումնական ձեռնարկներ եւ միանգամայն օբյեկտիվ հիմքերով ընտրել լավագույնը: Միեւնույն ժամանակ կայքը հնարավորություն է ընձեռելու ներկայացված գրականության ընթացիկ բարելավման՝ այդ թվում նաեւ կայքի միջոցով ստացված առաջարկությունների համաձայն: http://dasagirq.am կայքի ընդլայնման մյուս ուղղությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցաբար էլեկտրոնային գրադարանի հիմնումն է www.spyurq.dasagirq.am համացանցային հասցեով: 2010 թ. հունիսի 18-ին տեղի ունեցավ գրադարանի կայքի շնորհանդեսը և այդ առնչությամբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Տաթեւ գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանի համատեղ մամլո ասուլիսը: Գրադարանում ներկայացված էլեկտրոնային ձեռնարկները միանգամից մատչելի են դառնում համացանցից օգտվող մեր բոլոր հայրենակիցների համար: Նախատեսվում է, կայքում տեղակայված գրքերի փորձագիտական մոնիտորինգի եւ օգտագործողների արձագանքների վերլուծության միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնել գրադարանի ֆոնդի մշտական խմբագրման եւ կիրառված մանկավարժական մեթոդական համակարգերի բարելավման գործընթաց: Ներկայումս կայքը փորձարկման փուլում է: Նախատեսվում է առաջիկայում էապես ընդլայնել գրադարանային ֆոնդը: Գրադարանում կներդրվեն ընթերցողների հետ հետադարձ կապի տարաբնույթ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն օպերատիվորեն ուղղել գրքերում տեղ գտած սխալներն ու վրիպակները, այլեւ ժամանակի ընթացքում կայքը հնարավորինս համապատասխանեցնել հայաստանյան եւ սփյուռքի ընթերցողների պահանջներին:
|
Հայտարարություն գիտաժողովի մասին - 03/03/2010 §Հոգեբանությունը եւ կյանքը¦ գիտական պարբերականի հիմնադրման տասնամյակի առթիվ §Զանգակ-97¦ հրատարակչությունը ս.թ. մայիսին կազմակերպում է §Դպրոցական դասագրքերին ներկայացվող հոգեբանամանկավարժական պահանջները¦ խորագրով գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել հոգեբաններ, սոցիոլոգներ, մանկավարժներ, գիտական հաստատություններ, Հայաստանում դասագրքաստեղծման գործընթացը կարգավորող պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներ, հրատարակիչներ, դասագրքերի հեղինակներ, ՀՀ դպրոցներում գործածվող դասագրքերի եւ ընդհանրապես հանրակրթության հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձինք:
Գիտաժողովի աշխատանքների համառոտ ժամանակացույց.
05.03 - 25.04.2010 թ. - Նախապես ընտրված մի քանի դասագրքերի կիառման գործընթացի հետազոտություններ դպրոցներում:
05.05.2010 թ. - Մասնակցության հայտերի եւ զեկուցումների թեզիսների ներկայացման վերջնաժամկետ:
25.05.2010 թ. - Գիտաժողովի նիստեր:
Մասնակցության հայտերը ներկայացնել ՀՀ, ք. Երեւան 0051, Կոմիտասի 49/2 §Զանգակ-97¦ հրատարակչություն: Առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել (+374 10) 232528 (+374 10) 232528, կամ այցելել http://www.dasagirq.am կայքը:
ՀՀ հանրակրթական դպրոցներում գործածվող դասագրքերի որակի խնդիրը ձեռք է բերել աննախադեպ հասարակական հնչեղություն: Դասագրքերի վերաբերյալ հրապարակային քննադատական անդրադարձերն ու ակնարկները դարձել են խիստ հաճախադեպ, դասագրքերի որակի վերաբերյալ քննարկումները հաճախ տեղափոխվում են ոչ մասնագիտական ամբիոններ, փորձեր են արվում խնդրի քաղաքականացման, ինչն էական վտանգներ է պարունակում դպրոցի եւ ընդհանրապես կրթության համարժեք հասարակական ընկալման եւ իմաստավորման տեսանկյունից: Խնդիրն այսօր ունի համազգային կարեւորություն եւ պահանջում է համալիր լուծումներ ինչպես ներքին մտավոր ներուժի համախմբման, այնպես էլ համաշխարհային առաջադեմ փորձի յուրացման եւ տեղայնացման հարցերում:
Դասագրքաստեղծման բնագավառում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված եւ կիրառվող մոդելներն այսօր հնարավորություն տալիս են, որ Հայաստանի մտավոր ներուժը, ազատ շուկայական հարաբերությունների մեջ մտնելով հրատարակչական գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ, մասնակցի դասագրքաստեղծման գործընթացին: Ինչպես ՀՀ ԿԳՆ դասագրքերի շրջանառու հիմնադրամի, այնպես էլ Պետական գնումների գործակալության կողմից հայտարարվող՝ դասագրքերի ձեռքբերման մրցույթներին հրատարակչական գործունեություն իրականացնող սուբյեկտները մասնակցում են սեփական առեւտրային ռիսկերով եւ մրցույթում հաղթող ճանաչվելու համար շահագրգռված են համախմբելու լավագույն հեղինակներին:
Ընդհանրացնելով կարելի է ասել, որ դասագրքաստեղծման գործընթացում հասարակության մտավոր ներուժի դրսեւորման հնարավորություն ստեղծելու եւ շուկայական մեխանիզմներով դաշտի կարգավորման առումով Հայաստանի փորձը դրական է եւ նույնիսկ օրինակելի կարող է համարվել ԱՊՀ մի շարք երկրների համար: Սակայն չկան համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան դասագրքաստեղծմանն ուղղվող ներուժն օգտագործելու առավել բարձր արդյունավետությամբ: Այդ խնդրի լուծման կարեւորագույն մեխանիզմը, մեր համոզմամբ, դասագրքերի նկատմամբ կիրառվող չափանիշների համակարգն է, որը մանրամասնորեն կսահմանի այն պահանջներն ու պայմանները, որոնց պետք է բավարարի դասագիրքը: Ընդ որում՝ չափանիշների համակարգն անհրաժեշտ է առաջին հերթին դասագրքերի ստեղծման ընթացքում: Այդ չափանիշներին համապատասխանությամբ պետք է ի սկզբանե շարադրվի դասագրքի բովանդակությունը եւ իրականացվի պատկերազարդումը եւ էջադրումը: Չափանիշների համակարգով պետք է կարգավորվի նաեւ դասագրքերում կիրառելի տառատեսակների խնդիրը, քանի որ հանրակրթական գործընթացի շրջանակներում առանցքային նշանակություն ունի նաեւ այն, թե ինչ տառատեսակով է սովորողին մատուցվում գրավոր նյութը:
Գիտաժողովի աշխատանքներին կներգրավվեն Կրթական հրատարակիչների եվրոպական խմբի ներկայացուցիչները, որոնք կներկայացնեն դասագրքերի նկատմամբ հոգեբանամանկավարժական պահանջների համակարգերի մշակման բնագավառում եվրոպական փորձը: Ելնելով այն հանգամանքից, որ դասագրքաստեղծման բնագավառում մի շարք հոգեբանամանկավարժական խնդիրներ ընդհանուր են ԱՊՀ երկների համար՝ նախատեսվում է գիտաժողովին ԱՊՀ տարբեր երկրներից հրավիրել ոլորտով զբաղվող հոգեբանների եւ մանկավարժների: Գիտաժողովի աշխատանքներին լայնորեն կներգրավվեն նաեւ ՀՀ դպրոցներում այժմ գործող դասագրքերի հեղինակային խմբերը: Հեղինակների շրջանում նախատեսվում է անցկացնել փորձագիտական հարցումներ, ինչը թույլ կտա վերհանել դասագրքաստեղծման գործընթացում առկա խնդիրները՝ հեղինակների տեսանկյունից: Գիտաժողովի նիստերին կնախորդի մի շարք սեմինարների եւ կլոր սեղանների կազմակերպումը, որոնք կոչված կլինեն ընդհանրացնելու այդ պահին առկա տվյալները եւ բացահայտելու փորձնական հետազոտությունից դուրս մնացած խնդիրները: Ըստ կլոր սեղանների եւ սեմինարների արդյունքների՝ կկազմակերպվեն նոր փորձնական հետազոտություններ: Նախատեսվում է հետազոտական աշխատանքներին լայնորեն ներգրավել ՀՀ բուհերի համապատասխան ամբիոններին:
Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ծրագրված է ՀՀ հանրակրթական դպրոցներում դասագրքերին ներկայացվող հոգեբանամանկավարժական մի շարք պահանջների համալիր էմպիրիկ հետազոտություններ, որոնց ընդհանրացված արդյունքները նախապես կտրամադրվեն մասնակցության հայտ ներկայացրած անձանց, իսկ առավել տիպական դրվագների տեսագրությունները կցուցադրվեն եւ կքննարկվեն հենց գիտաժողովի ընթացքում:
Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել դասագրքերին ներկայացվող հոգեբանամանկավարժական հիմնական պահանջների վերաբերյալ բանաձեւ, որի նախագիծը նախապես կներկայացվի մասնակցության հայտ ներկայացրած անձանց եւ կտեղադրվի http://www.dasagirq.am կայքում, որտեղ կկազմակերպվի նախագծի համացանցային քննարկում: Բանաձեւի հիման վրա հետագայում կմշակվի հոգեբանամանկավարժական չափանիշների համակարգ եւ դրան համապատասխան` հրատարակչությունների կողմից փորձաքննության անցկացման ընթացակարգեր:
Չափանիշների համակարգը նախատեսված է լինելու հրատարակչություններում կամավոր հիմունքներով ներքին փորձաքննությունների անցկացման համար: Այն կտրամադրվի ՀՀ դպրոցների դասագրքերի հրատարակման գործընթացին մասնակցող բոլոր հրատարակչություններին, եւ նրանք հնարավորություն կունենան չափանիշների համակարգը կիրառելու 2010-2011 ուս. տարվա հրատարակվող դասագրքերի նկատմամբ: Համակարգի կիրառման արդյունքների ամփոփման եւ հետագա լրամշակման նպատակով «Մանկավարժական միտք» գիտական պարբերականի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ս.թ. հոկտեմբերին կկազմակերպվի եւս մեկ գիտաժողով:
§Զանգակ-97¦ հրատարակչության
հասարակայնության հետ կապերի բաժին
03.03.2010 թ.
|
«ԶԱՆԳԱԿ-97» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ԳՐՔԱՐՎԵՍՏ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ - 29/07/2009 «Գրքարվեստ» հանրապետական մրցանակաբաշխությանը «Զանգակ-97» հրատարակչությունը ներկայացված էր երեք գրքերով՝ երկու գիրք «Գիրք երեխաներին» եվ մեկ գիրք՝ «Մեր ժամանակակիցը» անվանակարգերով: Մրցանակաբաշխության՝ ս.թ. հունիսի 23-ին ամփոփված արդյունքների համաձայն՝ «Զանգակ-97» հրատարակչության ներկայացրած բոլոր գրքերը ստացան մրցանակներ՝ Մեր մոլորակի մայրցամաքները (հայ-ավստրալիական համատեղ հրատարակություն) եվ Անտառային հեքիաթներ գրքերը «Գիրք երեխաներին» անվանակարգում արժանացան համապատասխանաբար 1-ին եվ 3-րդ կարգի մրցանակների, իսկ ակադեմիկոս Գ. Գուրզադյանի Տիեզերքը եվ մարդը էսսեների ժողովածուն «Մեր ժամանակակիցը» անվանակարգում արժանացավ երկրորդ կարգի մրցանակի:
Ս.թ. հուլիսի 22-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր միջոցառումը, որի շրջանակներում հաղթողներին շնորհավորեց եվ դիպլոմներ հանձնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: «Զանգակ-97» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանին «Գիրք երեխաներին» անվանակարգում առաջին կարգի դիպլոմ հանձնելիս փոխնախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց Մեր մոլորակի մայրցամաքները քարտեզ-խճանկարի հիմքում ընկած գաղափարի յուրօրինակության եվ տեխնիկական կատարման բարձր մակարդակի վրա:
Միջոցառման մասնակիցները համակարծիք էին, որ այդ հրատարակությունը արտասահմանյան հրատարակչությունների հետ արդյունավետ համագործակցության օրինակելի մոդել է, որը կարող է կիրառվել միջմշակութային երկխոսության զարգացման նաեվ այլ ծրագրերում:
|
«ԶԱՆԳԱԿ-97» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ Է - 23/05/2009 20.05.2009 թ. Եվրոպայի կրթական հրատարակիչների խմբի (ԵԿՀԽ www.eepg.org) գործադիր մարմինը հաստատեց «Զանգակ-97» հրատարակչության անդամակցությունը խմբին: ԵԿՀԽ-ն դպրոցական դասագրքերի եվ ուսումնաօժանդակ գրականության բնագավառում գործունեություն ծավալող հրատարակիչների եվրոպական ցանց է: Եվրոպայի յուրաքանչյուր երկրից ԵԿՀԽ-ին կարող է անդամակցել մեկ հրատարակչություն, որը համարվում է տվյալ երկրի առաջատարը դասագրքաստեղծման բնագավառում: ԵԿՀԽ գործունեությունը նպատակամետ է ուսումնական գրականության համաեվրոպական միասնական բազայի, կրթության բնագավառի զարգացումների վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ բաշխման, ուսումնական գրականության որակի բարձրացման ուղղությամբ ջանքերի համատեղման, Եվրոպայում գործող հրատարակչությունների միջեվ համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը: Մինչ «Զանգակ-97» հրատարակչության անդամակցությունը՝ ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանում կար ԵԿՀԽ անդամ հրատարակչություն՝ ի դեմս հանրաճանաչ «Պրոսվեշչենիե» հրատարակչության: Տարածաշրջանում ԵԿՀԽ անդամ հրատարակչություն կա միայն Թուքիայում:
«Զանգակ-97» հրատարակչության անդամակցության վերաբերյալ ԵԿՀԽ գործադիր մարմնի դրական որոշմանը նախորդել է հրատարակչության դասագրքաստեղծ գործունեության առանցքային բնութագրերի մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքներով հրատարակչությունը բավարարել է այն չափանիշներին, որոնք, որպես անդամակցության պայման, առաջադրվել են Եվրոպայի խոշորագույն հրատարակչություններով ներկայացված խմբի մյուս անդամներին: Անդամակցելով խմբին՝ հրատարակչությունն ինքնաբերաբար պարտավորվում է դասագրքաստեղծման բնագավառում այսուհետ եվս ղեկավարվել ԵԿՀԽ կողմից որդեգրված սկզբունքներով, որոնցում արտացոլված են դասագրքաստեղծման եվրոպական ավանդույթներն ու առաջադեմ եվրոպական փորձը: Միեվնույն ժամանակ՝ այդ անդամակցությունը հրատարակչությանը պարտավորեցնում է համակողմանիորեն նպաստել եվրոպական արժեքների, դասագրքաստեղծման բնագավառում եվրոպական չափանիշների ու չափորոշիչների արմատավորմանը Հայաստանի հրատարակչական ոլորտում:
|
ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱ ՀԱՆՈՒՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ - 30/04/2009 29.04.2009 թ. «Զանգակ-97», «Մակմիլան-Արմենիա», «Էդիթ Պրինտ», «Անկյունաքար», «Արեգ» հրատարակչությունների, «Անտարես» Մեդիա Հոլդինգի, «ՄՀՄ» Գրատուն, «Լյումեն-հրատ» ընկերությունների միջեվ կնքվեց հուշագիր «Մտավոր սեփականության նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարի նպատակով հրատարակչությունների եվ գրավաճառների կոալիցիայի ստեղծման մասին», որին որպես անհատ գրավաճառներ միացան նաեվ Պերճ Կիրակոսյանը, Յուրա Հակոբյանը եվ Գագիկ Ղազարյանը:
Հուշագրում մասնավորապես ասվում է.
Մենք՝ սույն հուշագրով ստեղծվող կոալիցիային անդամակցող հրատարակչությունների եվ գրավաճառների ներկայացուցիչներս՝
- կարեվորելով հրատարակչությունների գործունեությունը հայ ժողովրդի մշակութային ինքնապահպանման եվ զարգացման համատեքստում,
- գիտակցելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կենսունակ մնալու համար Հայաստանի հրատարակչությունների՝ որպես տնտեսավարողների գործունեության մեջ արմատական բարեփոխումների եվ ոլորտի առջեվ կանգնած խնդիրները միասնաբար լուծելու համար գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը,
- Հայաստանի տնտեսական կյանքում հրատարակիչների դերը եվ, որպես գործատուներ՝ նրանց զգալի կշիռը կարեվորելով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատակիցների կրճատման չդիմելը համարելով սոցիալական հրամայական,
- արձանագրելով, որ մտավոր սեփականության նկատմամբ ոտնձգությունների՝ վերջին շրջանում անընդմեջ աճող քանակն արդեն սպառնում է կաթվածահար անել Հայաստանի հրատարակչական ոլորտը եվ մտավոր սեփականության անձեռնմխելիության ապահովումը համարելով Հայաստանի մտավոր արտադրության բնագավառում տնտեսապես իմաստավորված գործունեություն ծավալելու հնարավորության ստեղծման նախապայման,
Պարտավորվում ենք.
1. Միասնաբար պայքարել մտավոր սեփականության նկատմամբ ոտնձգությունների եվ Հայաստանի գրքի շուկայում լայն տարածում գտած ապօրինի երեվույթների դեմ...:
Հուշագիրն ամրագրում է նաեվ կոնկրետ տնտեսական մեխանիզմներ, որոնք կոչված են տնտեսապես աննպատակահարմար դարձնելու գրքի շուկայի այն սուբյեկտների գործունեությունը, որոնք դիմում են մտավոր սեփականության պաշտպանությունը երաշխավորող օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ստվերային գործողությունների: Հուշագրով նաեվ սահմանվում են պետական համապատասխան մարմինների հետ ստեղծվող կոալիցիայի համագործակցության կոնկրետ մեխանիզմներ:
Հուշագրի ստոգրագրումից հետո տեղի ունեցավ նորաստեղծ կոալիցիայի առաջին նիստը, որի ընթացքում հաստատվեց կոալիցիոն հուշագրով նախատեսված՝ Հայաստանի գրքի շուկայի մոնիտորինգով զբաղվող փորձագիտական հանձնախմբի կազմը:
Իր ամփոփիչ խոսքում՝ կոալիցիայի ստեղծման նախաձեռնող «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը կարեվորեց կոալիցիայի անդամների կողմից կոալիցիոն հուշագրի դրույթների անշեղ կատարումը՝ դա որակելով որպես Հայաստանի մտավոր-հոգեվոր արտադրության ու վերարտադրության տնտեսական հիմքը կազմող գործընթացների առողջացման նախապայման:
|
ՀԵՌՈՒՍԱՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ՝ ՍՈԿՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ - 25/04/2009 25.04.2009թ. ժամը 21:45 «Երկիր Մեդիայի» եթերում դիտե՛ք «Հրապարակ» հեռուստահաղորդման շրջանակներում կազմակերպված «Մոնիտորն ընդդեմ մագաղաթի» թեմայով հրապարակային քննարկումը՝ «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի մասնակցությամբ:
|
ՀՀ ԿԳՆ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ «ԶԱՆԳԱԿ-97» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆԸ - 25/04/2009 Մայրենիի միջազգային օրվա առթիվ՝ հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար «Զանգակ-97» հրատարակչությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի, պարգեվատրվեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պատվոգրով: Այդ առթիվ Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված կլոր սեղանին մասնակցում էին ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը, Լեզվի պետական տեսչության պետ, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, Հայաստանի մտավորականության ու հրատարակչական ոլորտի այլ ներկայացուցիչներ: «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանն իր ելույթում կարեվորեց հայոց լեզվի դերը ոչ միայն պատմական հատույթում՝ որպես ազգապահպան գործոն, այլեվ ազգի ապագայի կերտման գործում՝ որպես Հայաստանի ապագա քաղաքացու, ապագա հայի կերպարը պայմանավորող հզոր գործոն: Նա նշեց, որ մտածողության ձեվավորման համար հսկայական նշանակություն ունի այն, թե ինչ լեզվով է առարկայանում մտածողությունը: Հարկ է գիտակցել, որ ժարգոնային հայերենը երբեք չի ձեվավորի այն մտածողությունը, որ ձեվավորվում է գրական հայերենը: Առաջին հերթին անթույլատրելի համարելով հայերենի աղավաղումը հեռուստաեթերով՝ Սոկրատ Մկրտչյանը նշեց, որ լեզվի անաղարտության պահպանման խնդիրն այս տեսանկյունից վերածվում է ապագա սերնդի ազգային լիարժեք դաստիարակության խնդրի:
Փետրվարի 25-ին Մայրենիի տոնը պետք է նշվի նաեվ Արցախում, — այս առթիվ «Զանգակ-97» հրատարակչությունը բազմաթիվ ու բազմատեսակ գրքեր նվիրաբերեց Արցախի գրադարաններին:
|
«Վեց տարեկան երեխայի նախապատրաստումը դպրոցին» - 23/06/2008 2008 թվականի հունիսի 14-ին «Տաթեւ գիտակրթական համալիրը» — «Զանգակ-97» հրատարակչությունը կազմակերպել էր սեմինար-պարապմունք՝ «6 տարեկան երեխաների նախապատրաստումը դպրոցին» թեմայով: Սեմինարը վարում էին մանկավարժական գիտությունների դոկտոր Ջուլիետա Գյուլամիրյանը եւ տարրական դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը:
Ի՞նչ է նշանակում երեխային նախապատրաստել դպրոցին, ի՞նչ է անհրաժեշտ երեխային ճիշտ դաստիարակելու համար, արժե՞ արդյոք երեխային նախապատրաստել դպրոցին: Այս եւ նմանատիպ շատ այլ հարցերի ուղղությամբ ընթացավ սեմինար-պարապմունքը:
Ինչո՞ւ պետք է երեխան դպրոց նա 6 տարեկանում: Ինչպիսի՞ն են 5-6 տարեկան տղաներն ու աղջիկները, ի՞նչ մտահոգություն ունեք Դուք, ի՞նչ հոգսեր ունեն նրանք: Ի՞նչ անել, եթե երեխան չի շփվում հասակակիցների հետ: Նմանօրինակ խնդիրներ ու մտահոգություններ ունեին ծնողները, ովքեր ստացան բովանդակալից ու գոհացնող պատասխաններ՝ շնորհիվ հմուտ ու փորձառու մասնաետների:
Սեմինարը ունի շարունակական բնույթ. հետաայում կլինեն նաեւ այլ թեմաներով սեմինարներ:
Ովքեր ուզում են մասնակցել մեր սեմինարներին կարող են զանգահարել «Տաթեւ գիտակրթական համալիր» հետեւյալ հեռախոսահամարներով՝ 23-25-28, 23-26-48:
|
Պարբերական սեմինարներ մաթեմատիկայի 1-4 - րդ դասարանների դասագրքերի շուրջ - 02/04/2008 Մաթեմատիկայի ուսուցիչների համար «Զանգակ-97» հրատարակչության պարբերական սեմինարները վերջին եռամսյակում կազմակերպվել են Սյունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում:
«Մաթեմատիկա» առարկայի ՀՀ դպրոցների տարրական դասարանների համար նախատեսված «Զանգակ-97» հրատարակչության դասագրքերը Հայաստանի կրթական համակարգի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման եւ նորարարական մեթոդների ներդրման գործում որպես էական առաջընթաց են որակել մի շարք փորձագետներ: Այդ դասագրքերի մասին տարբեր գերադրական ածականներով արտահայտվել են Հայաստանի կրթության ոլորտի բազմաթիվ գործիչներ: Սակայն այդ ամենը չի երաշխավորում խոչընդոտների բացակայությունը մաթեմատիկայի ուսուցման նորարարական հայեցակարգի եւ դրան համապատասխան ստեղծված դասագրքերի համատարած կիրառման ճանապարհին:
«Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն, մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանի նախաձեռնությամբ Հայաստանի ուսուցիչների համար կազմակերպված սեմինարների հիմնական նպատակը ինչպես մաթեմատիկայի ուսուցման իրենց սպառած հայեցակարգերի հետ նոր դասագրքերի հնարավոր հակասությունները կանխելը, այնպես էլ նորարարական մեթոդների էության եւ դասագրքերում դրանց կիրառման առանձնահատկությունների պարզաբանումն է:
|
«Այգն» ու «mayrik.am»-ը «Մանկական աշխարհ» ցուցահանդեսում - 04/04/2007 2007թ. մարտի 19-21-ը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած «Մանկական աշխարհ» ցուցահանդեսին «Տաթեւ գիտակրթական համալիրը» միացյալ տաղավարով ներկայացրեց «mayrik.am» ինտերնետային կայքը եւ «Այգ» մանկապատեկան ամսագիրը: Եթե «Այգ» ամսագիրն արդեն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում լայնորեն ճանաչված, բարձր հեղինակություն վայելող պարբերական է, ապա «mayrik.am»-ի համար սա առաջին ներկայացումն էր լայն հասարակայնությանը:
«Այգ»-ի ու «mayrik.am»-ի տաղավարը ցուցահանդեսի մասնակիցների մշտական ուշադրության ու հետաքրքրության կենտրոնում էր: Տաղավարում կազմակերպվել էր «Փոքրիկ նկարիչների մրցույթ», որի հաղթողների ստեղծագործությունները տեղադրվեցին «mayrik.am» կայքում:
Ցուցահանդեսի այլ մասնակիցների հետ «Տաթեւ գիտակրթական համալիրը» անցկացրեց մի շարք նախապես ծրագրված հանդիպումներ ու բանակցություններ, որոնց արդյունքում ձեռք բերվեցին մի շարք արժեքավոր համաձայնություններ, մշակվեցին համագործակցության նոր ուղիներ:
|
|
|
|
|
| |
|
 |
ինֆորմացիա` |
 |
|
|